 Լատվիայի Յուրմալա ծովափնյա քաղաքում այսօր մեկնարկում է երիտասարդ կատարողների «Նոր ալիք-2010» երգի մրցույթը, հայտնում է «Голос России» ռադիոկայանը։ Այս տարի հուլիսի 27–ից օգոստոսի 1–ը մրցույթի եզրափակչին ելույթ են ունենալու 12 երկրների 17 մասնակից, այդ թվում՝ Հայաստանը ներկայացնող Սոնա Շահգելդյանը։ Եզրափակիչ անցած մասնակիցները մրցելու են մի քանի երաժշտական ուղղություններով՝ համաշխարհային հիթ, սեփական երկրի հիթ, ինչպես նաև յուրօրինակ կատարում։ Նշենք, որ «Նոր ալիքի» մրցանակային հիմնադրամը կազմում է 100 հազար եվրո և կբաշխվի մրցույթում հաղթանակած մասնակիցների միջև՝ ըստ զբաղեցրած տեղերի։ Այսպիսով, 1–ին տեղի համար սահմանված է 50 հազար եվրո, 2–րդ տեղի համար՝ 30 հազար եվրո, 3–րդ տեղի համար՝ 20 հազար եվրո։ Բացի այդ, ամենավառ կատարողներին կշնորհվեն «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը, մրցույթի մուսա համարվող Ալլա Պուգաչովայի, Յուրմալայի քաղաքային խորհրդի և «Муз-ТВ» հեռուստաալիքի մրցանակները։ |